Ստեղծվել է քաղաքաշինական լիցենզիայի ներդիրում հավաստագրված մասնագետին փոխելու հնարավորություն
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ այսուհետ հնարավոր է լիցենզիայի ներդիրում կատարել փոփոխություն հեշտ և արագ՝ առանց կազմակերպության գործունեությունը դադարեցնելու։ Այդ նպատակով urban.e-gov.am համակարգում ստեղծվել է լրացուցիչ հնարավորություն։
Եթե նոր ընթացակարգով լիցենզավորված քաղաքաշինության բնագավառի կազմակերպության լիցենզիայի ներդիրում ընդգրկված հավաստագրված մասնագետը դադարում է աշխատել ընկերությունում, կամ պարզապես ընկերությունը ցանկանում է հավաստագրված այլ մասնագետով ներդիր ունենալ, ապա նոր ներդիրի ստացման հայտ ներկայացնելու կարիք չկա։ Փոխարենը պետք է urban.e-gov.am հարթակում յուրաքանչյուր ոլորտի համար առանձնացված պատուհաններում ընտրել տվյալ ոլորտի լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման դաշտը, լրացնել պահանջվող տվյալները, ընտրել համապատասխան կարգ ունեցող հավաստագրված մասնագետին և հանձնել հայտը։ Կազակերպության փորձը կրկին հիմնավորելու անհրաժեշտություն չկա։
Հայտը կդիտարկվի առավել սեղմ ժամկետում, իսկ արդյունքի մասին հայտատուն ծանուցում կստանա իր էլեկտրոնային փոստին և urban.e-gov.am հարթակի անձնական էջում։
Համակարգում ներդիրների փոփոխման դաշտերն են՝ «01. Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում լիցենզիայի ներդիրների վերաձևակերպում», «02. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիայի ներդիրներ վերաձևակերպում», «03. Շինարարության իրականացման լիցենզիայի ներդիրների վերաձևակերպում», «04. Շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիայի ներդիրների վերաձևակերպում», «05․ Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների լիցենզիայի ներդիրների վերաձևակերպում»։