Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիպլոմներ է հանձնել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտներին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Նա շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով, որ ամենապահանջված մասնագիտություններն են ձեռք բերել: Այնուհետև հանձնել է Ճարտարապետության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածների դիպլոմները։
«Մեկ տարի առաջ որպես համալսարանի ռեկտոր՝ շրջանավարտներին ճանապարհում էի դեպի աշխատաշուկա։ Այսօր արդեն որպես Քաղաքաշինության կոմիտեի նախագահ՝ Ձեզ ասում եմ բարի´ գալուստ մասնագիտական իրականություն։ Ոլորտի մասնագետների առջև գործունեության լայն դաշտ է բացված։ Պետական, համայնքային, թե մասնավոր ներդրումային միջոցներով քաղաքաշինական ամենատարբեր ծրագրեր են իրականացվում։ Մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ. գուցե շատերդ կոմիտեի կամ մեկ այլ գերատեսչության ծրագրերն իրագործողներից լինեք։ Այսօր գուցե ինքներդ ձեզ խոստանաք, որ միշտ հավատարիմ կմնաք մասնագիտական սկզբունքներին, աշխատանքները կիրագործեք բարեխղճորեն, բարձր որակով և պատասխանատվության զգացումով։ Եվ դրանով դուք որակ, մշակույթ, աշխատաոճ կթելադրեք շուկայում»,-իր ելույթում նշել է կոմիտեի ղեկավար, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն այս տարի ավարտել է 655 շրջանավարտ։ Նրանց դիպլոմներ են հանձնել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը և ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը: