Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Փարիզում մասնակցել է «Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումին»
Ֆրանսիայի կառավարության հրավերով հայաստանյան պատվիրակության կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը Փարիզում մասնակցել է «Շենքերի և կլիմայի գլոբալ ֆորումին»։ Ֆորումը համախմբել է 70-ից ավելի պատվիրակությունների ամբողջ աշխարհից։
Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար Գիյոմ Կասպարյանն կարևորել է ֆորումի շրջանակում «Շայլոյի հռչակագրի» ստորագրումը՝ որպես որոշիչ քայլ Փարիզի համաձայնագրի իրականացման գործում՝ ընդգծելով շենքերի և շինությունների էներգախնայողությանն ուղղված ներդրումների շարունականության կարևորությունը։
Նունե Պետրոսյանը մասնակցել է պանելային մի քանի քննարկումների, որոնց ընթացքում դիտարկվել են յուրաքանչյուր երկրի նախաձեռնությունները՝ ուղղված շենքերը գրեթե զրոյական արտանետումներով դարձնելուն և այդ գործում կառավարման բոլոր օղակների ներգրավմանը։ Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ Նունե Պետրոսյանն անդրադարձել է շենքերի և շինությունների էներգաարդյունավետության ապահովումը կարգավորող օրենսդրությանը, էներգաարդյունավետության միջոցառումների խթանման ծրագրերին, միաժամանակ ընդգծել վերականգնվող էներգիայի օգտագործման խթանման և էներգաարդյունավետ շինարարության կարևորությունը։
Քննարկվել են նաև շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության և դիմակայունության բարձրացմանն ուղղված քաղաքականության մշակմանը, տեխնոլոգիական նորարարությունների, լուծումների ուսումնասիրմանը, ֆինանսական աջակցության ծրագրերի ներդրմանը, ածխածնի արտանետումների դեմ պայքարի շրջանակում միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է եղել շինարարության ոլորտում կարողությունների մշտական զարգացմանը։
Ֆորումին մասնակցող տարբեր պետությունների ներկայացուցիչները նկարագրել են խնդիրների լուծման համատեքստում իրենց փորձը, ճարտարապետական մոտեցումները, համագործակցության ընդլայնման նախաձեռնությունները։
Ֆորումի մասնակիցների կողմից ընդունվել է նաև «Buildings breakthrough» փաստաթուղթը, որը սահմանում է 5 առաջնային ուղղություններ հետագա համագործակցության նպատակով։