Քաղաքաշինության ոլորտում կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցած ՀՀ մարզերի մասնագետներին Քաղաքաշինության կոմիտեն շնորհել է հավաստագրեր
Քաղաքաշինության կոմիտեն հավաստագրեր է շնորհել քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով կոմիտեի նախաձեռնած դասընթացներին մասնակցած մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների աշխատակիցներին։
Միջոցառումն անցկացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Մասնակիցներին ողջունել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը։
Մի քանի ամիս տևած դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել խորությամբ ուսումնասիրելու քաղաքաշինական ընթացակարգերը, դաշտը կարգավորող իրավական ակտերը, որոնց առնչվում են իրենց գործունեության ընթացքում։ Դասընթացներն անցկացրել են կոմիտեի, պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև Ճարտարապետների պալատի, ՃՇՀԱՀ-ի և ոլորտային այլ կառույցների մասնագետները՝ անդրադառնալով քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին, հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, փաստաթղթերի փորձաքննությանը, շինարարական նորմերին, սուբվենցիոն ծրագրերի փաթեթներին և այլ թեմաներին առնչվող հարցերին։ Ներկայացվել են նաև քաղաքաշինության ոլորտի թվային հարթակները, կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային համակարգը, լիցենզավորման նոր ընթացակարգը, բնակֆոնդի հիմնախնդիրները և բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն առնչվող կարգավորումները։