ՔՏՀԱ տեսչական մարմնի հետ քննարկվել են urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական փաստաթղթերի ներկայացման առանձնահատկությունները
Քաղաքաշինության կոմիտեի և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գործընկերները քննարկել են urban.e-gov.am թվային հարթակի միջոցով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտերի ներկայացման գործընթացի կազմակերպումը։
Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական Դավիթ Դալլաքյանը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ինչպես նաև «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Վահագն Մխիթարյանը։ Նրանք մանրամասն ուսումնասիրել են էլեկտրոնային եղանակով շահագործման ընդունման հանձնաժողովի ակտերի (ձև 3-2-1) տրամադրման ամբողջական գործընթացն ու դրա շրջանակներում ներգրավված կառույցների գործառույթները։
Կարևորվել է տեսչական մարմնի աշխատակիցների իրազեկվածությունը՝ համակարգի առանձնահատկությունների և սպասվող փոփոխությունների վերաբերյալ։
«Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրեն Վահագն Մխիթարյանը ներկայացրել է համակարգի ծրագրային ապահովման շղթան, որն արդեն պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Նա նաև ներկայացրել է հետագա քայլերի հաջորդականությունն ու հստակեցրել դրանց իրականացման ժամանակացույցը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից սկսած՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվում է բացառապես urban.e-gov.am հարթակի միջոցով։