Թվային հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողների հետ խորհրդատվական հանդիպումները կանցկացվեն Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների համար դիմողներին աջակցելու նպատակով կազմակերպվող խորհրդատվական հանդիպումներն այսուհետ կանցկացվեն կոմիտեում։ Այդ նպատակով առանձնացվել է համակարգիչներով ապահովված սենյակ։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել urban.e-gov.am հարթակի «Առցանց հերթագրումներ» դաշտում (https://urban.e-gov.am/hy/service/permits_online_booking/info)։ Հանդիպումները տեղի կունենան աշխատանքային յուրաքանչյուր օր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 16։00-ից 18։00-ն, Կառավարական 3-րդ շենքի 4-րդ հարկում (գլխավոր քարտուղարի ընդունարան)։
Քաղաքաշինության կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները կաջակցեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց թվային հարթակից օգտվելիս, կլուծեն տեխնիկական խնդիրները, կպատասխանեն գործընթացների վերաբերյալ հարցերին։
Շարունակելու է գործել նաև հեռավար խորհրդատվություն ստանալու հնարավորությունը, որի համար անհրաժեշտ է ամրագրել տեսազանգ հարթակի հետևյալ բաժնում՝ https://urban.e-gov.am/hy/service/zoom_calls/info։
Աջակցության մյուս եղանակը հեռախոսազանգերի սպասարկումն է։ Տեխնիկական հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել 0-8000-2020 և 010 58 59-80 հեռախոսահամարներով, անհրաժեշտության դեպքում՝ թողնել ձայնային հաղորդագրություն, իսկ բովանդակային հարցերով զանգահարել 011-621-818 հեռախոսահամարներով։
Համայնքապետարանների՝ վերապատրաստում անցած համապատասխան աշխատակիցները ևս կարող են աջակցել դիմողներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի մարզերում կառուցապատման թույլտվությունների ստացմանն առնչվող ողջ գործընթացն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների urban.e-gov.am հարթակում, որին 2025թ. հունվարից կմիանան նաև մյուս մարզերը և Երևանը։