Վարչապետը ներկա է գտնվել նորակառույց դպրոցների բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և պաշտոնատար անձանց հետ սեպտեմբերի 2-ին շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:
Վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքից: Այս պահին այնտեղ սովորում է 48 աշակերտ:
Վարչապետն այցելել է նաև Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց: Կիրանցում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:
Վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ:
Լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/varchapet-septemberi1
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/09/02/Nikol-Pashinyan-02-09/