Վարչապետը Վայոց ձորի մարզում այցելել է նորակառույց դպրոցներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում եղել է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցված դպրոցներում։
100 աշակերտի համար նախատեսված Գոմքի նոր դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 694 մլն դրամ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է, որ Գոմքի միջնակարգ դպրոցում կառուցվել է նաև հանդիսությունների սրահ՝ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ դա Գոմք գյուղի ողջ պատմության ընթացքում կատարված ամենամեծ ներդրումն է, որը կարելի է պատմական իրադարձություն համարել:
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել նաև Եղեգիսի դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Ավելի քան 737 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոց, ապաստարան, հանդիսությունների սրահ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ:
Այնուհետև վարչապետն այցելել է Շատինի միջնակարգ դպրոց: Կառավարությունը 209 մլն 980 հազար դրամ է հատկացրել Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի վերակառուցման համար: Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցն ունի նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ մինչև 100 աշակերտ/տեղ նախագծային հզորությամբ:
Լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/varchapet_vayots_dzor
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/domestic-visits/item/2024/09/04/Nikol-Pashinyan-visit-to-Vayoc-cor/