Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է խիստ միջոցներ՝ կանխելու Բերդաշենի դպրոցի անորակ կառուցումը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ մի շարք շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես՝ որոշվել է խիստ միջոցներ ձեռնարկել Բերդաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։
Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է օբյեկտում առկա կոնստրուկտիվ թերությունների ակնադիտական և գործիքային ուսումնասիրություն, որի արդյունքում բետոնե որմնախարսխի քայքայված հատվածների քանդման և ուժեղացման որոշում է կայացվել։
Ներկայում իրականացվում են քանդման նշված աշխատանքները, զուգահեռաբար նախագծող կազմակերպությունը մշակում է տվյալ տեղամասի ուժեղացման նախագիծ։ Բացի այդ նախատեսվում է մեկնարկել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության հետ պայմանագիրը խզելու և սև ցուցակում ներառելու գործընթաց։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ծրագրերի իրականացման պատասխանատու կազմակերպություններից պահանջել է պատշաճ որակով կատարել պայմանագրային պարտավորությունները՝ ընդգծելով, որ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանք չի ընդունվելու։ Որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում տրվելու է համարժեք գնահատական, ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ, և լինելու են իրավական հետևանքներ։ Նա վերահաստատել է Քաղաքաշինության կոմիտեին վստահված ծրագրերը ողջ ծավալով ու բարձր որակով վերջնակետին հասցնելու վճռականությունը։