Կասեցվել է քաղաքաշինության բնագավառի ավելի քան 30 լիցենզիա
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետևողական է քաղաքաշինության բնագավառում տրված գործունեության լիցենզիաների վերահսկողության հարցում: Մանրակրկիտ ուսումնասիրվում է ընկերությունների հաշվետվությունները և ամսեկան մեկ անգամ պարբերականությամբ տեղի ունեցող հանձնաժողովի նիստերի արդյունքում, հայտնաբերված թերացումների հիմքով, նախարարին ներկայացվում այս կամ այն ընկերության գործունեության լիցենզիայի կասեցման հարցը:
Քաղաքաշինության նախարարի հրամաններով, ուսումնասիրությունների արդյունքում, երրորդ եռամսյակի տվյալներով, կասեցվել են թվով 326 անձանց 34 լիցենզիաների եւ 517 ներդիրների գործողությունը: Կասեցումների հիմք են հանդիսացել լիցենզիաների /ներդիրների/ տարեկան պետական տուրքը չվճարելը, շինարարության որակի տեխնիկական հսկողության, շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եւ շինարարության իրականացման եռամսյակային հաշվետվությունները չներկայացնելը, շինարարության որակի տեխնիկական հսկողության եռամսյակային հաշվետվությունները թերի ներկայացնելը:
Լիցենզիաների /ներդիրների/ կասեցումները հիմնականում վերաբերում են գործունեության հետեւյալ տեսակներին` <Շինարարության իրականացում>, <Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում եւ փորձաքննություն>, <Ինժեներական հետազննում>, <Շինարարության որակի տեխնիկական հսկողություն> ու <Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն> բնագավառներին: Լիցենզիաների կասեցումից հետո լիցենզավորված իրավաբանական անձինք օրենքվ սահմանված կարգով տեղեկացվել են: