Նախարար Թադևոսյանի ելույթը ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 74-րդ նստաշրջանում
Շվեյցարիա, Ժնեւ
8 հոկտեմբերի 2013թ.
Հարգելի պարոն նախագահ, պարոնայք նախարարներ եւ պատվիրակության ղեկավարներ, տիկնայք եւ պարոնայք
Թույլ տվեք ողջունել նախարարական հանդիպման բոլոր մասնակիցներին, ինչպես նաեւ առանձնահատուկ երախտագիտություն հայտնել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովին (ՄԱԿ-ի ԵՏՀ), որը տարիներ շարունակ իր նշանակալի ներդրումն է ունեցել անդամ երկրների տարածաշրջանում բնակարանային քաղաքականության, քաղաքաշինության զարգացման, հողօգտագործման եւ տարածական պլանավորման ոլորտների բարելավման եւ ներդաշնակեցման մեջ: Հանդիսանալով երկրների միջեւ կարծիքների փոխանակման համար հատկանշական ֆորում, հանձնաժողովը նպաստում է նրանց գործունեության ներդաշնակեցմանը եւ համաշխարհային տնտեսության մեջ ավելի լավ ինտեգրմանը:
Հայաստանի Հանրապետությունը չափազանց հետաքրքրված է ՄԱԿ-ի հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղությունների, այդ թվում քաղաքաշինության ոլորտում նախաձեռնությունների զարգացման համագործակցության ընդլայնմամբ եւ ամրապնդմամբ:
Ձեր ուշադրությանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության բնակարանային տնտեսության քաղաքականության, քաղաքաշինության եւ տարածաշրջանային ու տարածական պլանավորման զարգացման վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն 2000 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, հարկ եմ համարում նշել հետեւյալը.
Վերոնշյալ ոլորտներում գոյություն ունեցող խնդիրները շատ առումներով նման են անցումնային տնտեսությամբ երկրների խնդիրներին, սակայն տարբերվում են իրենց մասշտաբներով` հաշվի առնելով Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքները, երկրի ամբողջ տարածաշրջանի բարձր սեյսմիկ ակտիվությունը, վտանգավոր ինժեներա-երկրաբանական երեւույթների լայն տարածվածությունը, ինչպես նաեւ երկրի աշխարհաքաղաքական իրավիճակի առանձնահատկությունները:
Ի լրումն վերոնշյալի` մեր երկրի բնակարանային քաղաքականության իրականացման հիմնական մարտահրավերները հանդիսանում են հետեւյալը.
• բնակարանի կարիք ունեցող մեծ թվով ընտանիքների առկայությունը,
• բնակարանային ֆոնդի տեխնիկական անբավարար վիճակը եւ դրա հետ կապված վերականգնման եւ վերանորոգման ենթակա մեծ թվով բազմաբնակարան բնակարանային ֆոնդի առկայությունը, այդ թվում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության տեխնոլոգիաների կիրառմամբ,
• գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի կառավարման հետ կապված խնդիրները:
Գոյություն ունեցող խնդիրների լուծման բազմազանությունը եւ կարեւորությունը իր հետ հանգեցրեց բնակարանային քաղաքականության նպատակների հստակ սահմանման, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համատեքստում դրանց իրագործման մեխանիզմների եւ միջոցների ընտրության անհրաժեշտությանը:
Այս առումով հարկ է նշել ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, որի շնորհիվ կազմակերպության վերլուծական եւ նորմատիվային աշխատանքի արդյունքների հաշվառումը ոչ պակաս կարեւոր դեր է խաղում առաջադրված նպատակներին հասնելու ուղղությամբ կառավարության ջանքերին աջակցելու հարցում:
Այսպիսով, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի կողմից 2002-2003 թվականներին Հայաստանում անցկացված Երկրի բնակարանային ոլորտի նկարագրում արծածված եզրակացությունների եւ առաջարկությունների հիման վրա բարելավվել է քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործանն ուղղված բնակարանային քաղաքականության օրենսդրությունը: Մասնավորապես՝
- ստեղծվել է նորմատիվա-իրավական դաշտ եւ ընդունվել պետական աջակցության նպատակային ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների որոշակի կատեգորիաների բնակարանային ապահովմանը: Ընդունված ծրագրերից իր նշանակությամբ առանձնանում է աղետի գոտու վերականգման ծրագիրը, որի իրականացման արդյունքում լուծվել են աղետից տուժվածների մեծամասնության խնդիրները:
- բարենպաստ պայմանների ստեղծման, մասնավորապես թույլտվության ընթացակարգերի պարզեցման եւ օրենսդրական դաշտի կարգավորման շնորհիվ, բնակչության եւ մասնավոր ներդրողների միջոցների հաշվին ավելացել են բնակարանային շինարարության ծավալները: 2001-2012 թվականների ընթացքում հանրապետությունում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկվել են 4.71 մլն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր: Ընդ որում, եթե 2001-2005 թթ. բնակչության եւ մասնավոր ներդրողների միջոցների հաշվին գործարկված բնակելի շենքերի տեսակարար կշիռը կազմում էր 71%, ապա 2006-2012 թթ. այդ ցուցանիշը հասնում է 88.5%-ի:
- միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մշակվել եւ իրականացվել են փորձնական (պիլոտային) ծրագրեր, ուղղված սոցիալական բնակարանների զարգացմանը եւ սոցիալապես անապահով անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրների օրենսդրական կարգավորմանը:
- հաստատվել է ՀՀ բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման եւ շահագործման հնգամյա ծրագիրը, ուղղված ոլորտում կուտակված խնդիրների լուծման մոտեցումների եւ մեխանիզմների բարելավմանը:
- ներկայումս իրականացվում են բնակելի շենքերի ու կառույցների անձնագրավորման աշխատանքները` արդյունքում կստեղծվի համապատասխան բազա, որի հիման վրա նախատեսվում է 3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի շենքերի վերականգնման եւ վերակառուցման առաջնահերթ ծրագրերի մշակում եւ իրականացում:
- ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Էներգաարդյունավետության գործողությունների պլանի հիման վրա իրականացվել են քաղաքաշինությունում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրների ուսումնասիրության ծրագրեր: 2010 թվականից իրականացվում է <<Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին>> նպատակային պետական ծրագիրը, հիմնված հատուկ պայմաններով հիփոթեքային վարկերի տրամադրման վրա եւ այլն:
Ինչպես նաեւ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության շրջանակներում նախարարության ներկայացուցիչներն իրենց մասնակցություն են ունեցել հետեւյալ աշխատանքային խմբերում՝
- տարածական պլանավորման զարգացման եւ արդյունավետ կառավարման հիմնական գործիքների մշակման,
- կայուն բնակարանային տնտեսության շրջանակային կոնվենցիայի մշակման:
Հարկ եմ համարում հատուկ նշել նաեւ, որ տարածաշրջանային ու տարածական պլանավորումը եւ կայուն քաղաքաշինության զարգացումը հանդիսանում են նախարարության գործունեության առաջնահերթ ուղղությունները, որոնց կարեւորությունը պայմանավորված է շինարարությունում հողերի արդյունավետ օգտագործման հրատապ անհրաժեշտությամբ, անվերահսկելի կառուցապատման կանխմամբ, պատմա-ճարտարապետական ժառանգության տարածքների վերականգնմամբ, կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրներով եւ մի շարք այլ խնդիրներով, որոնք ենթակա են հետագա առանձին քննարկման` հաշվի առնելով ելույթի համար տրամադրված սահմանափակ ժամանակը:
Ամփոփելով ելույթս եւ հաշվի առնելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցության դրական փորձը, առաջարկում եմ քննարկել Հայաստանի նոր նկարագրի անցկացման հնարավորությունը, որտեղ կարտացոլվեն բնակարանային քաղաքականության, կայուն քաղաքաշինության եւ տարածական պլանավորման ռազմավարական զարգացման առաջարկությունները: Խելամիտ եմ համարում նաեւ նշված ոլորտներում ազգային գործողութոյունների ծրագրերի մշակումը:
Հարկ է նշել, որ Հայաստանի վերջին նկարագրից անցել է 10-11 տարի եւ այդ ժամանակահատվածում, կապված իրավիճակի փոփոխությամբ, ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար, ինչպես նաեւ ծագած խնդիրների լուծման նպատակով, նոր ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջանում:
Մասնավորապես, տարածական զարգացման եւ տարածաշրջանային պլանավորման ոլորտում նկատվում է տեղական մակարդակներով քաղաքաշինության փաստաթղթերի մշակման եւ հաստատման հետընթաց, որը համաձայն օրենսդրության հանդիսանում է տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունը: Հաշվի առնելով, որ հենց այդ մարմիններին է իրավունք տրված տրամադրելու շինարարության թույլտվություն, ներկա իրավիճակը կարող է հանգեցնել կառուցապատման ոչ բավարար կարգավորման եւ, հետեւաբար, բնակավայրերի կայուն զարգացման խախտման:
Բնակարանային քաղաքականության ոլորտում, հանրապետության սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի պայմաններում, ավելի շատ է ընդգծվում բնակարանային խնդիրների լուծման մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը՝ ուղղված մատչելի, էկոլոգիական եւ անվտանգ բնակարանների ապահովմանը, նոր մոտեցումների եւ ֆինանսավորման մեխանիզմների ներդրման, մասնավորապես, պետական-մասնավոր գործընկերության մոդելների միջոցով:
Եզրափակելով, կցանականայի նաեւ շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի ԵՏՀ - ին համաձայնվելու` Հայաստանի Հանրապետությունում 2014-2016 թթ. ՄԱԿ Հաբիթաթ-ի հետ համատեղ ոսումնական աշխատանքային սեմինարներ անցկացելու համար:
Բարձր գնահատելով ՄԱԿ-ի ԵՏՀ-ի աջակցության եւ համագործակցության նախաձեռնությունները, ակնկալում ենք մեր համագործակցության հետագա ամրապնդում:
Շնորհակալություն ուշադրության համար: