Ամփոփվեց 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները
ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին> հուլիսի 18-ի N 800-Ն որոշման շրջանակներում ՀՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացրել է հետեւյալ հիմնական աշխատանքները.
2013 թվականի ընթացքում մոտ 5 ու կես մլրդ դրամ գումարով հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքներ են իրականացվել շուրջ 75 կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտներում, որոնցից 12 օբյեկտների աշխատանքներն ավարտվել են հաշվետու տարում: Եվս 24 կրթական օբյեկտներ՝ ՀՀ 2006-2013 թթ. պետական բյուջեների հաշվին հիմնանորոգված մեծածավալ մակերեսների առկայությամբ ներկայացվել են տեւական շահագործման՝ 5-7 տարի ժամկետով: Հաշվետու տարում ավարտին է հասցվել նաեւ ՀՀ 2009-2013 թթ. պետական բյուջեների հաշվին իրականացվող Շիրակի մարզի Մարալիկի թվով 9 կիսակառույց բնակելի շենքերի աշխատանքները:
Հիմնանորոգում կատարելիս ՀՀ քաղաքաշինության նախարարությունն առաջնորդվել է նախ` բյուջեում ընդգրկված 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու, շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու, ապա, կառույցների սեյսմազինվածության մակարդակը բարձրացնելու նպատակով` ըստ անհրաժեշտության ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու սկզբունքով: Ընթացիկ տարվա համար կազմվել են “Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման եւ արդիականացման ենթակա կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների ցանկերը”:
1. ՀՀ կառավարության 2013 թվականի գերակա խնդիրների շրջանակներում`
1) 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել եւ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի եւ հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ: Սկսած 2012 թվականից ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Տվյալներն ափոփվել են եւ ներկայացվել կառավարություն: Սա շարունակական գործընթաց է, ներկայում լրացուցիչ տվյալներ են հավաքագրվում բազայում ընդգրկված օբյեկտների վերաբերյալ:
2) ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկած շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել թվով 8 շինարարական նորմերի մշակումը: Նշված նորմերն առաջիկայում կներկայացվեն պետական գրանցման: Սա եւս շարունակական գործընթաց է, որն ընթանալու է առաջիկա տարիներին:
3) Կառավարությունը դեկտեմբերի 26-ին հավանության է արժանացրել “Հայաստանում շենքերի սեյսմակայունության ապահովման” հայեցակարգին: Վերջինիս նպատակն է ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ` շենքերի սեյսմակայունության ապահովման ուղղությամբ համակարգված եւ արդյունավետ մոտեցումների ցուցաբերման եւ հիմնավորված գործողությունների իրականացման համար: Հայեցակարգով ներկայացվել է շենքերի սեյսմակայունության ոլորտում տիրող իրավիճակը, առկա խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված մոտեցումները, շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված եղանակները, առաջնահերթ միջոցառումները: Հայեցակարգի ընդունումը խթան կհանդիսանա հանրապետությունում շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման համար
ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում`
1) ՀՀ կառավարության 2013 թ. մարտի 7-ի որոշմամբ հավանություն է տրվել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին: 2013 թ. դեկտեմբերին կառավարություն է ներկայացվել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի եւ դրանից բխող` մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է Երեւանի փոքր կենտրոնը դիտարկել որպես օրենքով սահմանված հատուկ եւ լրացուցիչ պայմաններով կառուցապատվող ազգային կարեւորություն ունեցող տարածք, ինչը ներկայանում է որպես օբյեկտիվ անհրաժեշտություն:
2) ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ հավանության է արժանացել` “Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագիրը եւ ծրագրի կիրարկումն ապահովող միջոցառումերի ժամանակացույցը”: Այս ռազմավարությամբ` սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով):
3) Մշակվել է քաղաքաշինական գործունեության հետ կապված ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը, որով նախատեսվում է կարգավորել պետական բյուջեով իրականացվող շինարարարության (շինմոնտաժային) գործունեության հետ կապված աշխատանքներից բխող ռիսկերի պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը:
3. 2013 թվականի ընթացքում աշխատանքներ են տարվել նաեւ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերից բխող եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ուղղությամբ:
Մասնավորապես` Կառավարությունը հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարության կողմից լրամաշակված “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքի նախագծին: Այն միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը: Նախագծով նախատեսվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարության եւ դրանց նկատմամբ իրականացվող տեխնիկական հսկողության իրականացումը՝ դրանք համարելով չլիցենզավորված գործունեություն։
Կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ նախարարության մշակած “ՀՀ համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման մեխանիզմների կանոնակարգման հայեցակարգը եւ համակարգի ներդրման ուղղություններից բխող միջոցառումների ժամանակացույցը”: Նախատեսվում է սկզբնական փուլով էլեկտրոնային թույլտվությունների համակարգը ներդնել Երեւանում, իսկ հաջորդ փուլերով, մինչեւ 2016 թ. վերջը` այլ խոշոր քաղաքային համայնքներում: Համակարգի ներդրումն ուղղված է Doing Business ծրագրի շրջանակներում Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը: Էլեկտրոնային համակարգը նպաստելու է կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը, կրճատմանը եւ պարզեցմանը, նպաստելու է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: