Հաշվետվություն կներկայացնեն բոլոր կազմակերպությունները
ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված էին նաև քաղաքաշինության ոլորտի մի շարք հարցեր:
Մասնավորպես` հավանության է արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից լրամաշակված <Լիցենզավորման մասին> ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Օրենքի ընդունման դեպքում բոլոր շինարարական կազմակերպությունները կներկայացնեն հաշվետվություններ, որոնց ամփոփումից հետո կպարզվի երկրի շինարարության ընդհանուր պատկերը: Օրենքը նպատակ ունի խթանել բնակելի շինարարությանը և գործարար միջավայրի բարելավմանը:
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած մեկ այլ որոշման փոփոխությամբ սահմանել է պետական պատվերի շրջանակներում իրականացրած աշխատանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման նախագիծ: <<Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարության ոլորտում` պետական պատվերների շրջանակներում, իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման, հարկերի ճիշտ հաշվարկման և վճարման հետ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է շինարարության ոլորտում իրականացված աշխատանքների ծավալների ճիշտ և ժամանակին հաշվարկման նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացում:>>,- որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց նախարար Ս. Թադևոսյանը:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է, կառուցապատողի շինարարության շահագործման ակտերի ձևը լրացնելուց հետո համայնքի ղեկավարին դիմելու, փաստագրման ակտը ստանալու հանգամանքը, որի կատարումից հետո միայն օբյեկտի շինարարական աշխատանքները կհամարվեն ավարտված:
<<Նշված նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ կառուցապատողը գրանցի կառուցած օբյեկտը, ինչպես նաև շահագործման հանձնաժողովի ակտի կատարումից հետո մինչև փաստագրման ակտի հաստատումը սահմանվի որոշակի ժամկետ>>,- նշեց Ս. Թադևոսյանը: