Քննարկում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մարտի 27-ին կայացավ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցներ, Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի պատասխանատուներ, քաղաքապետեր:
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը կարևորեց ծրագրի դերն ու նշանակությունը:
Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լ. Վարդանյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում հիմնադրամը տրամադրում է շինարարության գծով խորհրդատվություն, ինչպես նաև անցկացնում է էներգաարդյունավետության վերաբերյալ դասընթացներ:
Ծրագրի ղեկավար Կ. Ասատրյանը ներկայացրեց բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը : Հայտնի է, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը բնակվում է բազմաբնակարան շենքերում, որոնք կառուցված են հիմնականում 1950-1990 թթ.: Նշվեց, որ էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագների աճի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում մշակված կենսունակ ծրագիրը նպատակ ունի ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար մեղմել էներգակիրների թանկացման ազդեցությունը:
Քննարկման արդյունքում առաջարկվեց բնակչության իրազեկվածության բարձրացման նպատակով` հանդիպումներ կազմակերպել քաղաքապետարաններում` համայնքի ղեկավարի, բնակիչների, ինչպես նաև համատիրության ներկայացուցիչների հետ: