Շինարարությունը Հայաստանի տնտեսությունն առաջնորդող կարևորագույն ճյուղերից է․ Շինարարի օրվան նվիրված միջոցառում
Շինարարի օրվան ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարարների միությունը համատեղ օգոստոսի 9-ին կազմակերպել են միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը և շինարարության ոլորտի ներկայացուցիչներ: Հայաստանում Շինարարի օրը նշվում է ամեն տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։
Մասնագիտական տոնի առթիվ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է շինարարներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք։ «Կառավարությունն իր գործունեության ընթացիկ ծրագրով ստանձնել է պարտավորություն՝ իրագործելու աննախադեպ ծավալի քաղաքաշինական ծրագրեր հանրապետության ողջ տարածքում՝ կառուցելով մի քանի հարյուր դպրոց և նախադպրոցական հաստատություններ, առողջապահական, մարզական, մշակութային օբյեկտներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ, իրականացնելով ենթակառուցվածքային բարդ և մեծածավալ այլ ծրագրեր: Կառավարության ծրագրի՝ ժամանակին և որակով իրագործումը մեծապես կախված է նաև շինարարական կազմակերպությունների կարողություններից, որակյալ և սրտացավ աշխատանքից, զարգացման ուղղությամբ ներդրումներից, և իհարկե, պետություն-մասնավոր գործակցության արդյունավետությունից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն շինարարներին, ովքեր բարեխղճորեն իրագործում են պետական ծրագրերը՝ կիսելով այն գիտակցումը, որ կառուցում ենք մեր և մեր սերունդների որակյալ ապագայի համար»,-ընդգծել է փոխվարչապետը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել շինարարներին՝ նշելով, որ շինարարության ոլորտը շարունակում է լինել տնտեսության առաջնորդող կարևորագույն ճյուղերից մեկը։ «Անկախացումից ի վեր պետական մակարդակով նման մասշտաբային ծրագրեր չէին իրագործվել, ինչն էլ հասկանալի է դարձնում ի հայտ եկած մարտահրավերները։ Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է կառավարության միակ պահանջն ու խաղի գլխավոր կանոնը»։ Բարձր գնահատելով շինարարական ավանդույթները՝ կոմիտեի ղեկավարը միաժամանակ կարևորել է մասնագիտական զարգացումը։ Նա ընդգծել է համատեղ ուժերով հայ շինարարի հեղինակությունը, նրա հանդեպ վստահությունը վերականգնելու կարևորությունը։
Անդրադառնալով գալիք առավել հավակնոտ ծրագրերին՝ Եղիազար Վարդանյանը նշել է՝ ոլորտի կազմակերպությունների համար լայն հեռանկար է բացվում, որին պետք է պատրաստվել այսօրվանից՝ զարգացնելով կարողությունները, տեխնիկապես վերազինվելով, ծանոթանալով նորագույն լուծումներին, մակրոծրագրերի տրամաբանությանը համահունչ կատարելագործվելով. «Ես հավատում եմ, որ հայաստանյան ընկերությունները կարող են ճիշտ օգտվել ստեղծվող հնարավորություններից։ Կընտրե՞նք արդյոք ինքնակատարելագործման ճանապարհը, ուրեմն կհաղթահարենք մարտահրավերները՝ դրանք վերածելով հնարավորությունների»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արժևորելով այն կարևոր աշխատանքը, որ իրականացնում են շինարարները, նշել է՝ հաճախ շինարարությունը նյութական, ֆինանսական բաղադրիչով են դիտարկում, սակայն, ըստ նախարարի, այն հոգեվիճակ է. «Միայն այն փաստը, որ կարող ես ինչ-որ շինության կողքով անցնել ու ասել, որ սա ես եմ կառուցել, հոգեբանորեն մեծ բավականություն է պարգևում, և այդ դրական էմոցիաներն ու հոգեվիճակն ամբողջ կյանքում ուղեկցում են քեզ»,-ընդգծել է նախարարը:
Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը կարևորել է, որ վաստակաշատ շինարարների կողքին շինոլորտում ներգրավված են բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ. «Հայաստանի Շինարարների միությունը, բոլոր շինարարները պատրաստ են աջակիցը լինել և իրականացնել բոլոր այն ձեռնարկումները, որոնք կառաջադրվեն կառավարության, ինչպես նաև մեծածավալ ներդրումային ծրագրեր իրականացնող գործընկերների կողմից»:
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շինարարության բնագավառում նշանակալի գործունեություն ծավալած մի խումբ շինարարների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։