Հայ ճարտարապետների դիպլոմները՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետներին շնորհված դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Այս որոշումը կայացրել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարարությունը՝ ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով ՃՇՀԱՀ վերջին տարիների կրթագիտական գործունեությունն ու իրականացված բարեփոխումները։
Այսպիսով՝ համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն Ֆրանսիայի պետական դիպլոմ ունեցող ճարտարապետի համար սահմանված հավասար իրավունքով և ընթացակարգով ստանալ լիցենզիա, գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում և իրականացնել մասնագիտական գործունեություն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ֆրանկոֆոն այլ երկրներում:
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու կոմիտեի անձնակազմը շնորհավորում են ՃՇՀԱՀ պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմին նման կարևոր ձեռքբերման համար, ինչը վկայում է համալսարանի կրթական բարձր որակի մասին, իսկ բուհի շրջանավարտ ճարտարապետներին մաղթում մասնագիտական կայացման կանաչ ճանապարհ:
ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմն առաջին անգամ Ֆրանսիայի կառավարության կողմից պետական ճանաչում է ստացել 1994թ-ին՝ 5 տարին մեկ անցնելով վերաճանաչման գործընթաց։ «Մեր բուհն ավանդաբար համագործակցում է Ֆրանսիայի ճարտարապետաշինարարական բուհերի հետ։ Նշաձողը շարունակաբար բարձրացնելով՝ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը։ Դիպլոմի ճանաչելիությունն ինչպես մեր շրջանավարտներին է առավելություն տալիս՝ մասնագիտական գործունեություն ծավալելու Ֆրանսիայում, այնպես էլ համալսարանին հնարավորություն ընձեռում արտասահմանից ներգրավելու ուսանողներ՝ առաջարկելով Ֆրանսիայի պետական դիպլոմին համարժեք առավելությունները»,-ընդգծում է ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Նա գոհունակությամբ է նշում, որ համալսարանի շատ շրջանավարտներ նախագծեր են մշակում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում։
«Առանձնահատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Քաղաքաշինության կոմիտեին՝ աջակցության, հանձնաժողովին երաշխավորագիր-նամակ տրամադրելու համար, ինչպես նաև Հայաստանի ճարտարապետների պալատին, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը»:
Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը 2023-2027թթ. ժամկետով։