Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում «Ավան Թաուերս» թաղամասում բնակարանի ձեռքբերման համար դիմումների ընդունումը
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է բոլոր գերատեսչություններին:
Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ. մայիսի 31-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ և կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը։ Գերատեսչությունները մինչև հունիսի 5-ը պետք է կոմիտե ներկայացնեն ծառայողների դիմում-հայտերը և կայքում ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքները։
Դիմում-հայտի և գերատեսչական տեղեկանքի ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև ծրագրի մասնակցության պայմանները սահմանող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn)։
«Ավան Թաուերս» թաղամասում հանրային ծառայողներին մեկ փուլով նախատեսված է բաշխել 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի։
Բնակարանների հատակագծերին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում (https://charagayt.am/?app=AppProject&page=district&project_id=10&apartment_sale_category_id=2)։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: