Բարեփոխումներ DOING-BUSINESS-ի ուղղությամբ
ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի նիստում տեղեկատվություն ներկայացվեց “DOING-BUSINESS-2013” ամենամյա զեկույցի եւ Երեւանի “Փոքր կենտրոնի” կառուցապատման օրենսդրական կանոնակարգմանն առնչվող առաջարկների վերաբերյալ քննարկվեց շինարարական նորմերի լրամշակման հետ կապված հարցը: Գործարար միջավայրի ընդհանուր գնահատականը տրվում է թվով 10 բաղադրիչների համադրմամբ, որոնցից մեկը “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչն է, ընդ որում, նշված ուղղությամբ առաջընթացն այս տարի կազմել է 3 միավոր: Համաձայն ՀԲ-ի DOING-BUSINESS-12 ամենամյա զեկույցի “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով արձանագրվել է 38 միավորով բարելավում, որը հետագայում ՀԲ-ի կողմից բարձրացվել է եւս 8 միավորով: Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջո¬ցա¬ռումների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ընդունվել են կառուցապատման թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի պարզեցմանն ուղղված մի շարք օրենսդրական ակտեր: Կատարված բարեփոխումներն արտացոլված են նախարարության կողմից մշակված եւ հրատարակված “Կառուցապատողի ուղեցույցում”: Ներկայումս “կառուցապատման թույլտվություններ” բաղադրիչով Հայաստանը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 46-րդ տեղը: Ուստի, նշված ուղղությամբ վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը բարելավելու համար հանձնարարվեց շարունակել իրականացվող բարեփոխումները, որոնք կապահովեն տեսանելի արդյունքներ: Այնուհետեւ, Երեւանի “Փոքր կենտրոնի” կառուցապատման օրենսդրական կանոնակարգմանն առնչվող առաջարկների քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի նախագծին: Նշվեց, որ նախատեսվում է բազմաբնույթ եւ կարեւոր գործընթացների կատարելագործման նպատակ հետապնդող օրենքի նախագծի մշակում: Արդեն քննարկման է դրվել “Փոքր կենտրոնի” կառուցապատման խնդիրները կանոնակարգող օրենքի հայեցակարգի նախագիծը, որի վերաբերյալ ստացված կարծիքներն ամփոփելուց եւ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելուց հետո կներկայացվի ՀՀ կառավարություն: Կոլեգիայի անդամներ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մ. Մինասյանը եւ Հայաստանի շինարարների միության նախագահ Գ. Գալաստյանը կարեւորեցին Երեւանի “Փոքր կենտրոնի” կանոնակարգման հարցն` ընդգծելով Հայեցակարգի ուղղությամբ նախարարության արված աշխատանքները: Կոլեգիայի նիստում հավանություն տրվեց քաղաքաշինության նախարարության նախաձեռնությանը՝ համապատասխան փոփոխությամբ պարտադիր պահանջ դարձնել հիմնանորոգման աշխատանքների նախապատրաստական փուլում տեխնիկական հետազոտության իրականացնելը եւ որոշվեց արագացնել ՀՀՇՆ I-4.02-99 “Շենքերի եւ կառուցվածքների վերակառուցում, վերականգնում եւ ուժեղացում. Հիմնական դրույթներ” շինարարական նորմերի լրամշակված տարբերակի քննարկումները: