Ավարտվեց Թայեքս գործիքի ներքո ԵՄ փորձագետների առաքելությունը
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում նոյեմբերի 12-16-ը տեղի ունեցավ Թայեքս գործիքի ներքո “Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի եվրոպական նորմերին համապատասխանեցում և ազգային մակարդակով 305/2011/EEC կանոնակարգի կիրարկման վերաբերյալ փորձի փոխանակում” թեմայով սեմինարը, որին մասնակցեցին հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ԵՄ առաքելության փորձագետները:
Թայեքս առաքելության նպատակն էր` Հայաստանին փոխանցել ԵՄ լավագույն փորձը գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը կատարելագործելու միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխանեցման առումով:
Քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվեց Հայաստանում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը, նշվեց, որ զգալի աշխատանքներ են տարվել քաղաքաշինական օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ, մշակվել են ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտեր: Միաժամանակ, որպես հրատապ խնդիր, հայկական կողմն առանձնացրեց քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխման անհրաժեշտությունը արդի պայմաններին համահունչ եւ միջազգային ու եվրոպական նորմերին ներդաշնակ փաստաթղթերի բազայի ստեղծմամբ:
Ներկայացվեց նաև ՀՀ կառավարության 2010 թ. որոշմամբ հաստատված “Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնահերթության ծրագիրը”, որը հավանություն ստացավ նաև ԵՄ փորձագետների կողմից: Միջազգայնորեն ընդունված սկզբունքների շրջանակներում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համապատասխանեցման առաջնահերթությունը կնպաստի այդ բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի աստիճանաբար բարեփոխման գործընթացին:
Միջազգային փորձագետները պարզաբանումներ տվեցին արտադրանքներին ներկայացվող անվտանգության պահանջներին, ինչպես նաև եվրամիության շրջանակներում համապատասխանության հավաստման և գնահատման ընթացակարգերին, շուկայի վերահսկողության արդյունավետ միջոցառումներին:
Ակնկալվում է, որ Հայաստանում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նման բարեփոխումները կխթանեն հայրենական արտադրությանը, արտահանմանը, կնպաստեն շինարարական արտադրանքների արտադրական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև շինարարական արտադրանքների, շենքերի և շինությունների շահագործման բնութագրերի նորմավորմանը և դրանց ներկայացվող անվտանգության պահանջների ապահովմանը:
Հնգօրյա տևողությամբ Թայեքս առաքելությանը մասնակցում էին Հայաստանի շինարարների միության, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների նախարարությունների, “Շինսետիֆիկատ”, “Հայնախագիծ”, “Երեւաննախագիծ”, “Հավատարմագրման ազգային մարմին”, “Ստանդարտների ազգային ինստիտուտ” կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հանրապետությունում “Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում” ծրագրին իրականացվող ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) ներկայացուցչությունից հրավիրված մասնագետներ: