Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագիրը կիրականացվի Ավան վարչական շրջանում
Հանրային ծառայողները բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան Ավան վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից՝ նոր մեկնարկող հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում:
Կառավարությունն ապրիլի 12-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով սահմանվում է Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը:
Ծրագրի շրջանակում հանրային ծառայողների համար «Ավան Թաուերս» թաղամասում առանձնացվել են ընդհանուր 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի, որոնք բաշխվելու են 1 փուլով:
Նշված բնակարաններից և ավտոկայանատեղիներից առանց վիճակահանության, որպես բացառություն, հաստատված կարգի պայմաններով, բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունք է տրամադրվում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի այն անդամին, ով ծրագրի շրջանակներում համարվում է հավակնորդ:
Քաղաքաշինական ներդրումային ծրագիրն իրականացվում է՝ հաշվի առնելով բնակարանային շինարարությունը խթանելու պետության հանձնառությունը, հանրային ծառայողների շրջանում լայն արձագանքը, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձման արտոնության պարագայում առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու հետաքրքրության աճը:
Տեղեկացնենք, որ հետագայում Քաղաքաշինության կոմիտեի կայքում www.minurban.am և ֆեյսբուքյան էջում կհրապարակվի, ինչպես նաև բոլոր գերատեսչություններին կուղարկվի ծրագրին մասնակցության հայտերի ու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն: